Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կոմիտասը և այլ մեծեր»

«Կոմիտասը և այլ մեծեր»
23.05.2014 | 12:09

«Ծիծեռնակ» հրատարակչությունը (տնօրեն` Անուշ Վարդանյան) լույս է ընծայել Դանիել Երաժշտի «Կոմիտասը և այլ մեծեր» գիրքը։ Այն բաղկացած է երեք բաժնից։ Առաջինը նվիրված է Կոմիտասի կյանքին ու գործունեությանը և պարունակում է հետևյալ հոդվածները. «Մեր երգ-երգոց Կոմիտասը», «Կոմիտասի դաշնամուրային «Պարերը» Գրիգորի Սոկոլովի փարիզյան համերգում», «Մանկան շուրթերով», «Գրի առավ և դաշնակեց Կոմիտաս վարդապետ», «Ընդհատված երգ», «Բաբելոնի գետերի մոտ» սաղմոսի հիման վրա գրված Մ. Եկմալյանի և Կոմիտասի խմբերգերը։ Այս հոդվածներում Դանիել Երաժիշտը լուսաբանում է Կոմիտասի դերը, առաքելությունը, հայ պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցի հիմնադրման հոգևոր և ժողովրդական երաժշտության բյուրեղացման, պահպանման, զարգացման գործում, երաժշտություն, որը, ըստ Կոմիտասի, «ամենեն մաքուր հայելին է ցեղին»։ Հընթացս հեղինակը արծարծում է Կոմիտասի գործերի մեկնաբանման և կատարման խնդիրները, զուգահեռ անցկացնում Կոմիտասի, Եկմալյանի և այլ ստեղծագործողների միջև, ովքեր իրենց արվեստում օգտագործել են Դավթի հիշյալ սաղմոսը։ Եվս մի զուգահեռ է անցկացվում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի խոսքերով գրված Էդգար Հովհաննիսյանի համանուն օրատորիայի (աղոթերգության) և Ալֆրեդ Շնիտկեի խմբերգային Կոնցերտի միջև, որը նույնպես ստեղծված է «Մատյան»-ի խոսքերով (3-րդ գլխի)։
Հոգևոր թեման ամփոփվում է գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Թոմաս Բուխհոլցի «Ողբք Հայաստանի» կանտատով, որն արտացոլում է Հայոց ցեղասպանության իրադարձությունները (1915-16 թթ.)։ Կանտատի տեքստը փնջված է դոկտոր Յոհաննես Լեփսիուսի և այլ ականատեսների արձանագրություններից և Երեմիա Մարգարեի ողբերից։ Կանտատի վերջում Բուխհոլցը իր երաժշտությանը միահյուսել է «Տեր ողորմեա» երգի մեղեդին` Կոմիտասի «Պատարագից»։
Գրքի երկրորդ բաժնում ներկայացված են կատարողական արվեստի անվանի վարպետները` դիրիժորներ Օհան Դուրյանը, Ջորջ Փեհլիվանյանը, ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը, Ռուբեն Ահարոնյանը, Ժինետ Նևտյոն, Ջոշուա Բելլը, դաշնակահարներ Եկատերինա Նովիցկայան, Նարե Արղամանյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և այլք։
Քանի որ նշվածների մեծ մասն իր վերելքը սկսել է որպես հրաշամանուկ, գրքում արծարծվում է նաև հրաշամանուկների ֆենոմենը առհասարակ, պրոբլեմ, որը և Դանիել Երաժիշտն արծարծել է «Հրաշամանուկներ» շարքի իր հրատարակած երկու պրակներում («Ծիծեռնակ» հրատ., 2006 թ. և 2010 թ.)։ Բացի այդ, տվյալ գրքում հեղինակը մեջբերում է հիշարժան դեպքեր Մոցարտի, Բրամսի, Պաբլո Կազալսի, Բրոնիսլավ Գուբերմանի, Ժան Տեր-Մերկերյանի և այլոց կյանքից («Նրանց օրորոցի վրա հրեշտակներն էին երգում»)։ Ներկայացված են նաև շախմատիստ-հրաշամանուկներ` Ռոբերտ Ֆիշերը, Պոլգար քույրերը, գրոսմայստեր և դաշնակահար Մարկ Տայմանովը, հիշատակվում են շախմատի սիրահարներ, կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևը, ջութակահար Դավիթ Օյստրախը և այլք։
Գրքի երրորդ բաժնում խորացվում են շախմատի և երաժշտության առնչությունները, ի դեմս 18-րդ դարի մեծագույն շախմատիստ և կոմպոզիտոր, 33 օպերաների, «Ռեքվիեմի» և այլ գործերի հեղինակ Անդրե Դանիկան Ֆիլիդորի։ Տեղեկանում ենք նաև Անդրե Դյուտակի «Հաղթի՛ր Ֆիլիդորին» օպերայի բովանդակությանը։
Այս բաժնում զետեղված են նաև Ռոբերտ Բիռնի հետ Ֆիշերի երկու հաղթական պարտիաները («Աշխարհին անտեսանելի արցունքներ» հոդվածում), որոնք առանձնահատուկ սիրով էր հիշում աշխարհի չեմպիոնը։ Ի դեպ, շախմատին անդրադառնալը առավել ևս արդիական է, քանզի հանրապետության դպրոցներում այդ իմաստուն խաղն արդեն դասավանդման առարկա է դարձել։ Գիրքը եզրափակող «Իմ հրաշամանուկ-փիսիկ Բիգ-Բոյը» հեքիաթը մի ժպիտ է, նվեր մանուկներին և պատանիներին։ Գրքի բովանդակությանը համահունչ և ներդաշնակ ձևավորումն իրականացրել է բանաստեղծ և նկարիչ Էդվարդ Միլիտոնյանը, իսկ շապիկը` Հարություն Հակոբյանը։
Նորալույս այս գիրքը օգտակար կլինի նաև արվեստագետներին։ Ինչպես ինքը` հեղինակն է գրում. «Նրանց (արվեստի նվիրյալների) մեծագործությունները, ասես, երկկողմանի «հայելի» են, որին նայողը մի կողմից` կարող է տեսնել անվանի արվեստագետների նվաճումները, մարդկային հնարավորությունների վիթխարի դիապազոնը, իսկ մյուս կողմից` համեմատության մեջ դնել իր և իր հասակակիցների անցած ուղին, նրանց ձեռքբերումները, ինչը կարող է ոգևորել, մղել նորանոր նվաճումների» ¥Դանիել Երաժիշտ, «Կոմիտասը և այլ մեծեր», Ե., 2013 թ., էջ 3¤։
«Կոմիտասը և այլ մեծեր» գիրքը թեպետ վերջերս է լույս տեսել, սակայն արդեն արձագանք է գտել նաև մասնագետների շրջանում։ Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Կարապետյանը գրում է. «Իսկ ահա տաղանդավոր արվեստագետ մեր բարեկամի` Դանիել Երաժշտի գրողական շնորհի դրսևորման կողքից անտարբեր չես անցնի. վերջերս լույս տեսած «Կոմիտասը և այլ մեծեր» ժողովածուն դրա վկայությունն է։ Ճանաչողական-դաստիարակչական ներհուն լիցքեր պարունակող նրա կոմիտասյան դիմապատկերները, մեր երաժշտարվեստի այլ մեծերին, հրաշամանուկ հայ երեխաներին նվիրված ակնարկներն ու զրույցները գեղարվեստա-վավերագրական ժանրի հետաքրքիր արտահայտություններ են» («Գրական թերթ», թիվ 16, 16 մայիսի 2014 թ.)։
Կոմիտասաշունչ այս գիրքը մի համեստ ներդրում է այն գործերի շարքում, որոնք կոչված են պայծառացնելու մատաղ սերնդի հայրենասիրության զգացումը։


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ